Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել 2021 թվականի հուլիսի 10-ին Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից հետո միջազգային իրավունքի և, մասնավորապես, միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարմամբ շարունակվում են թշնամական գործողությունները հայկական պատմական, մշակութային և հոգևոր արժեքների հանդեպ: Եվ այս ամենը ոչ միայն չի դատապարտվում միջազգային կառույցների և առանձին երկրների կողմից, այլև կատարվում է հակառակը. պաշտոնական Բաքուն ոչ մի ջանք չի խնայում այդ նույն կառույցների ու երկրների ներկայացուցիչներին մասնակից և հանցակից դարձնել իր զավթողական ու հակամարդկային գործողություններին:
Այս խորապատկերի վրա պետք է դիտարկել նաև 2021թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ բեմականացված նկարահանումները Շուշիում: Խստորեն դատապարտում ենք նմանօրինակ գործելաոճը:
Դրանով Ադրբեջանը փորձում է Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ զավթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևավորել: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ զավթել է Արցախի Հանրապետության մեծ մասը, այդ թվում նաև հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կենտրոն Շուշի քաղաքը:
Միջազգային հանրության կողմից Թուրքիայի նախագահի՝ Շուշի այցելությունը չդատապարտելը Ադրբեջանի իշխանություններին մղեց նոր սադրիչ գործողությունների, որին հետևեց Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այցը Շուշի: Պատմական իրողությունների այսկերպ աղավաղումը և նման մեթոդներով հակամարտության էության խեղաթյուրումը համարում ենք հակամարտության խաղաղ կարգավորման խաթարմանն ուղղված քայլ, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»: