Երկրի կենդանի օրգանիզմներն ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից պաշտպանող օզոնային շերտի պահպանության խնդիրը համարվում է առաջնային բոլոր երկրների համար:
Օզոնի շերտի պահպանությունը սահմաններ չի ճանաչում և այս խնդրի վերացման համար միմյանց հետ համագործակցում են աշխարհի 194 երկիր:
Այսօր, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ու Արցախում այդ ուղղությամբ տարբեր միջոցառումներ են ձեռնարկվում, կազմակերպվում են իրազեկման դասընթացներ:
Օրերս էլ «Արցախի Հանրապետության էկոլոգիական կրթության և դաստիարակության միջոցառումների 2019 թվականի ծրագրի» շրջանակներում ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցների նախաձեռնությամբ օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ իրազեկման դասընթացներ անցկացվեցին: Նախաձեռնած միջոցառումների շարքը մեկնարկեց Բերձորի դպրոցներից: Իրազեկման միջոցառումներ անցկացվեցին նաև Կարմիր Շուկայի, Թաղավարդի և Ճարտարի դպրոցներում: Միջոցառման կազմակերպիչները ներկայացրեցին օզոնային շերտի հիմնախնդիրը և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու եղանակները՝ շեշտելով, որ մթնոլորտի օզոնային շերտի քայքայումը մարդկությանը սպառնացող բնապահպանական վտանգներից մեկն է:
Աշակերտները մանրակրկիտ տեղեկություններ ստացան արևի բարերար ազդեցության, ջերմության անհրաժեշտության, ինչպես նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության մասին: Պատկերավոր ներկայացվեցին նաև արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու բոլոր միջոցները, ցուցադրվեց ուսուցողական մուլտֆիլմ:
Միջոցառման ավարտին երեխաներին բաժանվեցին ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու կանոններ պարունակող նոթատետրեր: