Ադրբեջանական կողմը վերադարձրել է ԱՀ Մարտունի շրջանի Մաճկալաշեն համայնքից գերեվարված քաղաքացուն։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացին դեռևս ռուսական կողմում է գտնվում և շուտով փոխանցվելու է Արցախին։ Երբ արդեն 32-ամյա մաճկալաշենցին հայկական կողմում լինի, Գեղամ Ստեփանյանը պատրաստվում է նրան այցելել։
«Կայցելեմ քաղաքացուն և մանրամասներ կիմանամ գերեվարման ընթացքի մասին։ Կպարզեմ, թե ինչ հոգեկան վիճակում է գտնվում նա։ Նշեմ, որ դեպքը մոտ 3 ժամ առաջ է տեղի ունեցել»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։
Պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են տարվել՝ անձին վերադարձնելու ուղղությամբ։