«Խոսում ենք գլխավորի մասին» ծրագրի հյուրն է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Գերատեսչության ղեկավարը խոսել է Արցախում բնակարանաշինության, սոցիալական ծրագրերի ֆինանսավորման, Սփյուռքի հետ համագործակցության, քաղաքացիների աշխատանքի տեղավորման խնդրի, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի և այլ հարցերի մասին:
– Տիկին Թանդիլյան, ի՞նչ փուլում է գտնվում պատերազմի հետևանքների վերացման ծրագրերի իրականացումը, մասնավորապես, բնակարանաշինության ոլորտում: Այս պահի դրությամբ քանի՞ բնակարան է կառուցվել և որքա՞ն պետք է կառուցվի տանիք կորցրած արցախցիների համար:
– Պետք է ասել, որ հիմա առաջնային նշանակություն ունեն բնակարանաշինության հարցերը։ Իրականում, Արցախում պատերազմից հետո որոշ սոցիալական նշանակության մի շարք հրատապ հարցեր են լուծվել։ Այս փուլում ավելի արդիական է տների կառուցման հարցը։ Դա թույլ կտա մեր մյուս հայրենակիցներին, ովքեր կորցրել են իրենց տները, վերադառնալ Արցախ և ապրել իրենց հայրենիքում։ Այս պահին վերադարձել է ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում՝ մեր այն հայրենակիցները, որոնք կորցրել են իրենց տները։ Նրանք հիմնականում ապրում են վարձակալված տներում կամ իրենց հարազատների տանը։ Որոշ վերականգնված տներ մենք արդեն հանձնել ենք։ Պետք է նշել, որ բնակարանային շինարարության հարցերը հիմնականում համակարգում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։ Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել, որ արցախցիների՝ հայրենիք վերադառնալու ցանկությունն այնքան մեծ է, որ նրանք պատրաստ են անգամ ապրել կիսակառույց տներում։ Մենք, ինչպես հայտնի է,մենք ունենք «Հարյուր տուն Արցախում» նախաձեռնությունը, որն ուղղված է նոր բնակավայրի ստեղծմանը, որպեսզի հարյուր տուն տրամադրի պատերազմի ժամանակ տանիքը կորցրած մարդկանց։
– Ինչպե՞ս է ընթանում բնակարանաշինության և սոցիալական ապահովության միջոցառումների ֆինանսավորումն գործընթացը:
– Բնակարանաշինության ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և տարբեր բարեգործական ծրագրերի կողմից: Սոցիալական ծրագրերը ֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից, սակայն իրականացվում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ֆինանսավորվող մարդասիրական ծրագրեր։ Հետպատերազմյան Արցախում Ռուսաստանի կառավարությունը նույնպես մարդասիրական ծրագրեր է գործարկել, որոնք այժմ ընթացքի մեջ են։
– Ներկայումս ի՞նչ հիմնական սոցիալական ծրագրեր են իրականացվում, և կան արդյո՞ք Արցախում սոցիալական ապահովության համակարգի զարգացման ավելի երկարաժամկետ ծրագրեր: Խնդրում ենք առանձնացնել այդ ոլորտի առավել առանցքային խնդիրները:
– Հիմնական սոցիալական ծրագիրը, որն իրականացվում է Արցախում, ներառում է ինչպես պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, այնպես էլ այն միջոցառումները, որոնք իրականացվել են անցյալում և այժմ էլ շարունակվում են։ Բացառությամբ 18-63 տարեկան աշխատունակ տղամարդկանց, Արցախի բոլոր բնակիչներն օգտվում են այդ ծրագրից և ֆինանսական աջակցություն են ստանում պետությունից։ Զուգահեռաբար նաև ներդրվում է սոցիալական ենթակառուցվածք, որի բացակայությունը նկատվել է պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Օրինակ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտ, թեժ գիծ, սոցիալական միասնական ծառայություն, որտեղ քաղաքացին կարող է ստանալ Արցախի սոցիալական ծառայությունների մասին ողջ տեղեկատվությունը։ Մեկ այլ խնդիր է մասնագետների կարողությունների ավելացումը, բազաները, որոնք կարող են օգտագործվել մասնագետների կողմից անհրաժեշտ տեղեկատվությունը օպերատիվ ստանալու նպատակով։ Այս բոլոր հարցերը լուծման գործընթացում են, և այս պահին, պետք է ասել, աշխատանքի մեծ դաշտ կա։
– Պատմեք, խնդրեմ, սոցիալական հարցերի լուծման և Արցախում պատերազմի հետևանքների վերացման հետ կապված Սփյուռքի հետ համագործակցության մասին։
– Պետք է ասեմ, որ Արցախի վերականգնման գործում Սփյուռքի դերը շատ կարևոր էր հատկապես մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո, երբ դեռ չկային սոցիալական սուր խնդիրների լուծմանն ուղղված ինստիտուցիոնալ ծրագրեր: Այս փուլում մեր հայրենակիցների աջակցությունն անգնահատելի էր, և այն այդպիսին է մնում նաև այսօր։ Ներկայումս այդ աջակցությունն արդեն ավելի նպատակային է և ուղղված է բոլոր այն սոցիալական խմբերին, որոնց մասին մենք տեղեկատվություն ենք տրամադրում Սփյուռքի մեր հայրենակիցներին։
– Ինչպե՞ս է լուծվում Արցախի բնակչության աշխատանքի տեղավորման հարցը: Որքա՞ն է հանրապետությունում զբաղվածության տոկոսը:
– Արցախում վարձու աշխատողների մեծ մասը պետծառայողներ են եղել։ Որոշ աշխատատեղեր այլեւս արդիական չեն, բայց դա մի փոքր մասն է միայն։ Քաղաքացիները թրեյնինգներ անցնելու հնարավորություն ունեցան՝ պահպանելով իրենց աշխատատեղերը և յուրացնելով նոր մասնագիտություններ։ Արցախի բնակիչները սոցիալական այս ծրագրերի շնորհիվ հնարավորություն են ստացել ապահովել իրենց ընտանիքների կայուն եկամուտը, որոշ բնակիչներ հնարավորություն են ստացել գտնել եկամտի այլ աղբյուրներ: Մենք չենք կարող այս պահին վիճակագրություն ներկայացնել Արցախում աշխատանքի տեղավորվածների տոկոսի մասին, բայց կարող ենք ասել, որ Արցախ վերադարձած մարդկանց զգալի մասն արդեն աշխատանքի է տեղավորվել։
– Ինչպե՞ս եք գնահատում սոցիալական ոլորտում միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի հետ Արցախի համագործակցությունը։
– Հարկ է նշել, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, մարդասիրական օգնության գործընթացը կազմակերպելու նպատակով խուսափում են Արցախ այցելելուց, ինչը շատ տարօրինակ է, չնայած, այդ կազմակերպություններն ինչ-որ չափով դրա համար են նախատեսված:
Արցախում է գտնվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, որի ներկայացուցիչների հետ ես հանդիպումներ եմ ունեցել, ինչպես նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ֆրանսիական բաժանմունքի ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կառավարությունը, ինչպես արդեն նշեցի, իրականացնում է տարբեր մարդասիրական ծրագրեր, հատկապես Արցախի գյուղական բնակիչների համար, ինչը շատ կարևոր է մեզ համար։
– Մայիսին Դուք և Հայաստանի ձեր նախկին գործընկեր Մեսրոպ Առաքելյանը հայտարարեցիք նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Որո՞նք են այդ նախաձեռնության հետագա ծրագրերն ու հեռանկարները:
– Դա շատ համաժամանակյա հարց է։ Շուտով տեղի կունենա կուսակցության առաջին համագումարը, և այն կկոչվի «Կեցության երկիր»։ Մենք ձգտելու ենք ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության ձևաչափով։ Մեր հայրենիքի պաշտպանությունը պետք է սկսվի սահմանից, մարզերից։ Մենք ուզում ենք մեր աշխատանքով ցույց տալ մեր քաղաքացիներին, որ մեր հողի յուրաքանչյուր մետրը մեր հոգածության կարիքն ունի։ Մեր քաղաքական ուժն այս պահին պատրաստ է մեր հայրենիքի զարգացմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» ներառական քննարկմանը, որոնք տեղի կունենան կուսակցության ստեղծումից անմիջապես հետո։
– Զոհված զինծառայողների և վիրավորների ընտանիքների սոցիալական պաշտպանության ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Ի՞նչ է արվում հաշմանդամ դարձած անձանց հասարակության մեջ ինտեգրելու համար:
– Զոհված զինծառայողների ընտանիքին վերաբերող աջակցության ծրագրերը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ունեն 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն, մենք իրականացնում ենք «Հազար դրամ» ծրագրի միջոցով՝ ընտանիքներին դրամական փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ ընտանքներին հետագա 20 տարվա ընթացքում աջակցության տեսքով: Դա նրանց պետք է բավականացնի նոր պայմաններում հարմարվելու համար։ Միևնույն ժամանակ, մեր նախարարությունն իրականացրել է փոխհատուցման ծրագիր այն զինծառայողների համար, ովքեր վիրավորվել են և դասվում հաշմանդամության 3-րդ խմբի շարքին։ Մենք նաև կարողացանք 500 հազար դրամ փոխհատուցում վճարել այդ կարգի յուրաքանչյուր քաղաքացու։
Մյուս շատ կարևոր ծրագիրը, իմ կարծիքով, կապված է պրոթեզավորման հետ։ Մենք որոշեցինք, որ մեր զինվորներին պետք են որակյալ պրոթեզներ, որոնք թույլ կտան ժամանակի ընթացքում վերադառնալ լիարժեք կյանքին։ Ես դա շատ կարևոր եմ համարում, մենք չպետք է պատերազմից հետո մեր զինվորներին մենակ թողնենք։
Զուգահեռաբար ընթանում են վիրավորների վերապատրաստման և նրանց նոր մասնագիտությունների յուրացման ծրագրերը։ Սա, իր հերթին, թույլ կտա նրանց գտնել կայուն վաստակի նոր հնարավորություններ։ Իհարկե, նրանց դեռ հոգեբանական աջակցություն է պետք, որը մենք նույնպես փորձում ենք ինչ-որ կերպ կազմակերպել, թեև դա Առողջապահության նախարարության ենթակայության տակ է գտնվում։ Այնուամենայնիվ, մենք փորձում ենք համատեղ ուղիներ գտնել հետպատերազմյան շրջանում մեր զինծառայողներին օգնելու համար։