Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այց է կատարել Հադրութի շրջան: Պետնախարարը ֆինանսների և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ ծանոթացել է Արաքսի հովտում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին: Այս մասին հաղորդում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2018 թվականին ստեղծված «Արաքս գոտի» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում է այգեգործության և դաշտավարության համար բարենպաստ պայմաններ ստեղծել՝ մշակության պատրաստ հողատարածքները վարձակալական հիմունքներով տրամադրելով հողօգտագործողներին: Պետական նախարարը կարևորել է աշխատանքների պատշաճ իրականացումը՝ Արաքսի հովտի ռազմավարական ծրագրի հաջողությունը կարևորելով հանրապետության տնտեսական զարգացման համատեքստում:
Պետական նախարարը շրջայցի ընթացքում հանդիպել է հովտում գործունեություն ծավալած մենատնտեսների հետ, քննարկել առկա խնդիրներն ու հավաստիացրել՝ պետությունը աջակցելու է հատկապես նրանց, ովքեր անցում կկատարեն ինտենսիվ գյուղատնտեսությանը:
Արաքսի հովտի գյուղատնտեսական նշանակության հողերից ներկայում մշակության համար պիտանի է մոտ 3 000 հա վարելահող, որից ոռոգման տակ է 1 700 հեկտարը: Այժմ մշակվում է 56 հեկտար խաղողայգի, որից 31 հեկտարում իրականացվել են երիտասարդացում, 25 հա նռան և 15,5 հա պտղատու այգիներ: 2019 թ. բերքի տակ մշակվել է շուրջ 1350 հա հող: