Պայմանավորվածության համաձայն՝ առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ ադրբեջանական կողմը Շուշիի շրջանի Եղցահողի սահմանից հետ է քաշվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն առաջխաղացում էր ունեցել, և դիրքերում ինժեներական աշխատանքներ էին իրականացվել, այժմ հետ են վերադարձել նախկին դիրքերը։
«Պայմանավորվածություն կար, որ ադրբեջանական կողմը պետք է 3 կմ հետ քաշվեր, ՊԲ-ն՝ հեռացվեր, իսկ անվտանգությունը պահպանեին ռուս խաղաղապահները։ Ռուս խաղաղապահների կողմից կատարվում է այցելություն, հերթապահություն են իրականացնելու։ Այս պահին դրությամբ պարեկային ծառայություն են իրականացնում։ Բայց հետագայում մշտական հերթապահություն են իրականացնելու։ Հենակետեր են տեղադրելու այն դիրքում, որտեղ մեր զորքերն են եղել»,- ասաց Եղցահողի գյուղապետը։
Անդրադառնալով պաշտոնական հերքմանը, թե ՊԲ-ն զորքը հետ չի քաշել՝ Արտակ Հակոբյանն արձագանքեց․
«Ով հերքում է, թող գա, ես տանեմ ցույց տամ։ Եթե Պաշտպանության բանակը դուրս է եկել, չի նշանակում, որ անպաշտպան ենք։ Պայմանավորվածության համաձայն՝ մեր պաշտպանությունն ապահովված է»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ՊԲ զինծառայողները օրերս դուրս էին բերվել Եղցահողի դիրքերից: Երկկողմ պայմանավորվածություն է եղել, ըստ որի՝ հայկական զորքը դուրս է բերվելու Եղցահողի սահմանից, ադրբեջանական զինված ուժերը հետ են քաշվելու, իսկ սահմանը հսկելու են ռուս խաղաղապահները: