Կառավարության օգոստոսի 27-ի նիստի ժամանակ ընդունված որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանը կստանա անհրաժեշտ ֆինանսական միջոցներ` 40 310 000 դրամ, 28.05.2021-05.08.2021թթ․ժամանակահատվածում կատարած ուղևորափոխադրումների ծառայություններ տրամադրած կազմակերպություներին և/կամ անհատներին փոխհատուցելու համար:
ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի «Գնման գործընթացը կազմակերպելու մասին» որոշման պահանջներից ելնելով` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախից Հայաստան ժամանակավորապես ժամանած քաղաքացիների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտային կազմակերպությունների և անհատների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների դրությամբ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Արցախ տեղափոխվել է 39103 քաղաքացի և փոխհատուցվել է 247,151.500 դրամ։
Հայաստանից Արցախ քաղաքացիների ուղևորափոխադրման գործընթացը շարունակվում է և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ վերջնաժամկետ սահմանված չէ։
Այս տարվա մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն տեղափոխվել է 6235 քաղաքացի, տեղափոխման ծախսերը կազմում են 40,310,000 դրամ, որը դեռևս չի փոխհատուցվել։