Արցախում ներկայումս կան բնակավայրեր, որտեղ բացակայում է կապը։ Դրանք սահմանին ամենամոտն են տեղակայված, և եթե ինչ-որ բան պատահի, շատ դժվար կլինի այդ մասին իմանալ։ Բջջային ու ցանցային կապը Ադրբեջանի կողմից խլացվում է։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում ընթացող քննարկմանն ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Հաջորդ խնդիրը, ըստ բանախոսի, ջրի հարցն է սահմանային համայնքներում։ Մարտունու շրջանի սահմանային համայնքները ջրային պաշարներից զրկված են, քանի որ դրանք օկուպացվել են Ադրբեջանի կողմից։ Սակայն Արցախի ամենալուրջ խնդիրը շարունակում է մնալ բնակարանայինը։
Ստեփանյանը նշել է՝ մոտ 22 հազար արցախցի չի վերադարձել Արցախ, թեև շատերը ցանկություն են հայտնում, բայց չեն մեկնում պայմանների բացակայության պատճառով։ Որոշ մարդիկ ապրում են նկուղներում, որտեղ չկան ամենատարրական կենսական պայմանները։ Բացի այդ, վարձավճարները չեն համապատասխանում շուկայական գներին և ամբողջությամբ չեն փոխհատուցվում պետության կողմից։ Հյուրընկալության գումարն էլ այլևս չկա, որը Հայաստանի տարածքում 30 հազար դրամ էր մեկ անձի համար, Արցախում՝ 40 հազար։
Մյուսը զբաղվածության խնդիրն է։ Ստեփանյանն ընդգծել է՝ բազմաթիվ մարդիկ այսօր գտնվում են հարկադիր պարապուրդում։ Բնակչության մի մասը զբաղվում էր գյուղատնտեսական գործունեությամբ, իսկ հիմա այդ հողերն անցել են Ադրբեջանի վերահսկողությանը։