Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այդ տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը: Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Ես միայն դրական եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը: Մեզ գնահատում է քաղաքացիական բնակչությունը։ Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացն իր հունի մեջ է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Հետեւաբար, ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու», – ասել է Մուրադովը:
Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Հինգ տարի՝ համաձայն երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի խաղաղապահ զորախմբի մնալը երկարաձգելու վերաբերյալ», – հավելել է ՏԱՍՍ -ի զրուցակիցը:
Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի իր առաքելությունը: Տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը: