Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը և տեղակայվել չեզոք գոտում։ Ռուս խաղաղապահներին, սակայն, հաջողվել է ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում նրանց ետ ուղարկել ելման դիրք: Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:
Նա մանրամասնեց, որ հակառակորդի հեռանալուց հետո ռուսական կողմը առաջարկել է հանել Ամարասի վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը։
«Արցախի դրոշը հանել ենք: Հիմա իրավիճակը նորմալ է, խաղաղություն է: Հակառակորդն անընդհատ սադրանքների է դիմում: Երկու տարի է՝ սադրանքների են դիմում»,- նշեց համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը հեռացվել է: