Լայպցիգի համալսարանական կլինիկայի (UKL) մաշկաբանները պարզել են պսորիազի բուժմանը նպաստող միջոցներից մեկը։ Նրանք փաստում են, որ սննդային հատուկ դիետան օժանդակում է պսորիազի բուժման ողջ գործընթացին․ նրանք նշում են, որ ճարպերի բարձր պարունակություն ունեցող սնունդը ծանրացնում է հիվանդության զարգացման ընթացքը։
Նշենք, որ այս հիվանդությունը հաճախ ունենում է ժառագական հիմք։ Բայց, միևնույն ժամանակ, հիվանդության զարգացման վրա զգալի ազդեցություն են ունենում նաև ոչ ժառանգական գործոնները․, այդ թվում՝ հիվանդի կենսակերպը, սնունդը և այլն։
Այսպիսով՝ գերմանացի հետազոտողները համոզված են, որ ավելորդ քաշով տառապող անձանց մոտ դրսևորվում են պսորիազի ավելի ծանր ձևերը, ինչը և հիմք է տալիս նրանց փաստելու, որ ճարպային սնունդը վատթարացնում է այս հիվանդությամբ տառապողների վիճակը։
Բժշկության շրջանակներում ապացուցված փաստ է արդեն գիրություն և օրգանիզմում բորբոքային գործընթացների կապը՝ մարմնում ճարպային զանգվածի կուտակումն առաջացնում է բորբոքային գործընթացներ, ինչն էլ իր հերթին խորացնում խորացնում գիրությունը։
Իսկ ինչ վերաբերվում է պսորիազին, ապա այս պարագայում օրգանիզմում արդեն իսկ ընթանում են խրոնիկ բորբոքային գործընթացներ, իսկ, երբ ավելորդ քաշի պարագայում ավելանում է նաև ճարպային հիմքով առաջացած բորբոքման գործոնը, ապա հիվանդի վիճակն ավելի է սրվում։
Այսպիսի վնասակար ճարպերով հագեցած սննդի ցանկին Լայպցիգի համալսարանական կլինիկայի գիտնականները դասում են խմորեղենը, միսը և երշիկեղենը, համբուրգերները, կարտոֆիլի ֆրին, պանրի առանձին տեսակներ և այլն։
Սակայն, միևնույն ժամանակ, նրանք նշում են, որ չհագեցած ճարպաթթուներով հարուստ սնունդը, ընդհակառակը, դրական ազդեցություն է ունենում հիվանդության ընթացքի և ողջ օրգանիզմի վրա։ Այդպիսի սննդամթերքների շարքը հագեցած է օմեգա-3 ճարպաթթվով, որն ունի հզոր հակաբորբոքային ազդեցություն և հիմնականում պարունակվում է ճարպային ձկնատեսակներում՝ ծովատառեխ, սկումբրիա, սաղմոն։
Լայպցիգցի գիտնականները մտադիր են շարունակել իրենց հետազոտություններն այս ոլորտում: