ՀՀ կառավարությունը հասատատեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները:
Հիշեցնենք, որ նախորդ կառավարության նիստում Կառավարությունը չհաստատեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի նշանակման հարցը և այն հետաձգվեց։
Նշենք, որ հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին դիմել էր երկու հավակնորդ՝ Դիանա Գալոյանը և Տիգրան Մարտիրոսյանը։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 26 անդամներից 22-ը կողմ են եղել Դիանա Գալոյանի թեկնածությանը, իսկ Տիգրան Մարտիրոսյանի օգտին 1 քվե է գրանցվել։
Հիշեցնենք նաև, որ ռեկտորի ընտրության օրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Այս որոշումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չեղյալ համարեց, քանի որ քննություն էր իրականացրել ու պարզել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն անհիմն որոշում է կայացրել:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Կառավարության դիմաց բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ պահանջելով օրենքով ընտրված ռեկտորի՝ Դիանա Գալոյանի նշանակումն այդ պաշտոնում։