ՀՀ ԱԺ Կրթ․, մշակույթի, սփյուռքի, երիտ․ և սպորտի հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց աղմկահարույց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից։ Առաջարկվում է նաև, որ բուհերի մասնաճյուղերի տնօրենները նշանակվեն ռեկտորի հրամանով՝ առանց ընտրության, իսկ ԵՊՀ-ին տրամադրվի հատուկ կարգավիճակ, քանի որ, ըստ նախարարի, բուհը վաստակել է այդ կարգավիճակը։
Առաջարկվում է արգելել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին նույն կարգավիճակն ունենալ նաև բուհում:
Օրենքի ընդունման դեպքում բուհերի մասնաճյուղերի տնօրենները կնշանակվեն ռեկտորի հրամանով՝ առանց ընտրության: Իսկ գործող ռեկտորների փոփոխություն չի նախատեսվում մինչև նրա ժամկետի ավարտը, քանի որ նրանք ընտրված ռեկտորներ են: Նոր բացվող բուհում էլ ռեկտոր կնշանակվի մեկ տարի ժամկետով, հետո կհայտարարվի ռեկտորի ընտրության մրցույթ:
Նախագծով ԳԱԱ ինստիտուտներին տրվելու են ինքնավարություն և ուղիղ կառավարման հնարավորություն:
Հիշեցնենք, որ 2020 թ. դեկտեմբերի 3-ին օրենքի նախագիծը որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկվել էր ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել, մինչդեռ մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։
Փորձագետների գնահատականներով՝ նախագիծն իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, բուհական համակարգի աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների դերակատարությունը: Օրենքի հիշյալ նախագծում իսպառ բացակայում է բուհերում գործող արհեստակցական կազմակերպությունների մասնակցությունը բուհերի հոգաբարձուների և ակադեմիական խորհուրդներում: