ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Աղմկահարույց բարձրագույն կրթության մասին օրինագծի մի շարք դրույթներ փոխվել են։
Նախարարը պարզաբանեց, որ մասնավորապես փոխվել է ռեկտորի ընտրության դրույթը:
Նախկինում առաջարկվում էր ընտրանքային տարբերակ, երբ մինչև 3 թեկնածու պետք է ներկայացվեր, լիազոր մարմնի ղեկավարը նրանցից մեկին պետք է նշանակեր ռեկտորի պաշտոնում:
Քննարկումների արդյունքում որոշել են, որ ռեկտորն ընտրվի կառավարման խորհրդում ու հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից։ Այլ փոփոխություններ ևս կան։
«Նախկինում ռեկտոր, ամբիոնի վարիչ, դեկան պաշտոնները վարչական էին, հիմա առաջարկվում է այն համարել ակադեմիական պաշտոն: Բուհի ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ: Օրենքում ամրագրվում է միմիայն գիտական աստիճանի առկայության պահանջը»,- կատարված փոփոխությունները ներկայացրեց նախարարը։
Բացի այս, ըստ Դումանյանի՝ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացներում ընտրվել է ավելի պարզ մոտեցում։
Հիշեցնենք, որ 2020 թ. դեկտեմբերի 3-ին օրենքի նախագիծը որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկվել էր ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել, մինչդեռ մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։
Փորձագետների գնահատականներով՝ նախագիծն իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, բուհական համակարգի աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների դերակատարությունը: Օրենքի հիշյալ նախագծում իսպառ բացակայում է բուհերում գործող արհեստակցական կազմակերպությունների մասնակցությունը բուհերի հոգաբարձուների և ակադեմիական խորհուրդներում: