Մարտի 4-ին Կապանում էին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանը և Թումոյի տուփերի նախագծերի ճարտարապետ Լուսինե Ղուշչյանը։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի ու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանի հետ նրանք քննարկել են Կապանում Թումո տուփի տեղադրման՝ արդեն մեկնարկող աշխատանքների հետ կապված հարցեր։
Հյուրերը եղել են նաև առաջարկվող տարածքում, որտեղ նախատեսվում է տեղադրել Թումո տուփը․ այն շաբաթական 12-18 տարեկան մոտ 350 ուսանող ընդունելու հնարավորություն կունենա, իսկ հետագայում, երբ մարզկենտրոնում արդեն Թումո կենտրոն կբացվի, տուփեր կտեղադրվեն նաեւ համայնքի ու մարզի մյուս բնակավայրերում։ Մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել կենտրոնի ներկայացուցիչներին մոտ տարիուկես առաջ սկսած նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ու նշել, որ մարզային իշխանություններն ամեն ինչ կանեն նախապատրաստական ու տեղադրման աշխատանքները հնարավորինս արագ ավարտելուն աջակցելու համար։