Երեկ ընդունեցի «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։ Այս մասին
հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Հանդիպան ընթացքում հյուրերը ներկայացրեցին «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը։ Հանդիպման հիմնական նպատակը «Թումո» կենտրոնի եւ 10-ից ավելի տուփերի տեղորոշման խնդրի կարգավորումն է:
Տուփեր են նախատեսել բացել մարզի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Ակնկալում են փոխհամագործակցություն մի շարք այլ ուղղություններում։
Հավանություն տվեցի ներկայացված ծրագրի այն բաղադրիչին, որով նախատեսվում է «Թումո» կենտրոն և տուփեր տեղադրել ելնելով բնակչության, սովորող աշակերտների եւ ուսանողների թվաքանակից, ճանապարհային հաղորդակցության հնարավորություններից եւ նպաստավոր այլ գործոններից»,- գրել է մարզպետը։
Ըստ Մարի Լու Փափազյանի՝ փոխհամաձայնությամբ ընտրված համայնքներից յուրաքանչյուրում, կախված սովորողների թվաքանակից, կտեղադրվի 2-3 «Թումո» տուփ։ Կենտրոնը եւ տուփերն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ դասավանդող մասնագետ կադրերով:
Մարտի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում է Գավառի «Թումո» ստեղծարար կենտրոնի տուփը, ընթացքի մեջ է հերթական տուփի բացումը Սեւան քաղաքում։