Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին:
Կառավարության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին՝ նախարարի պաշտոնում իր գործունեության համար՝ ընդգծելով, որ վերջինիս հետ կքննարկեն հետագա համագործակցության ճիշտ և արդյունավետ ձևաչափ գտնելու հարցը:
Նիկոլ Փաշինյանն այնուհետև շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և խոսել նշանակման հետ կապված մամուլում հնչած արձագանքների մասին. «Պարոն Խաչատուրյանն այն սերնդի ներկայացուցիչն է, ովքեր Կարեն Դեմիրճյանի առաջնորդության ժամանակներում անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի արդյունաբերականացմանը: Եվ ուզում եմ ընդգծել այս համատեքստը, որ խորհրդային ժամանակներում՝ 70-ականներին և 80-ականներին, Հայաստանի Հանրապետությունն, իրոք, այն ժամանակվա չափանիշներով եղել է բարձր արդյունաբերական երկիր»:
Վարչապետի խոսքով, չնայած այսօրվա միջավայրն էականորեն տարբերվում է այն ժամանակվա միջավայրից, այնուամենայնիվ նախարարության ստեղծման նպատակը եղել է նաև Հայաստանը բարձր արդյունաբերական երկիր դարձնելը. «Նաև սա է պատճառը, որ կարևորում և առաջնահերթություն ենք համարում մեզ համար տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը և պիտի բոլոր քայլերը հետևողականորեն ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք և կարողանանք, իսկապես, արդյունաբերությունն սպասարկելու համար անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալ: Խոսքը երկաթուղու մասին է, որը Հայաստանին կկապի արտաքին աշխարհին բոլոր ուղղություններով: Իհարկե, հասկանալի է, որ սա ոչ միայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության օրակարգն է, դա ամբողջ կառավարության և մեր պետական համակարգի օրակարգն է»։