Երևանի ավագանու անդամների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկվել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, նախագծի հեղինակ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ մոտ 2000 մարդու աշխատավարձ է բարձրանալու, և այդ 2000 անձինք շուրջ 32 տոկոսով ավելի հարկ են վճարելու պետությանը իրենց աշխատավարձից՝ հաշվի առնելով եկամտային հարկը։
Նախագիծն ընդունվեց 34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ քվեարկությամբ։
Նշենք, որ օրեր առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր որ կհրաժարվի իր աշխատավարձի բարձրացված մասից։ «Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը»,-նշել է Մարությանը։