ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիման վրա արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա հայտնել է, որ «Ֆիզգորոդոկում» կառուցվող բազմաբնակարան շենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
Հիշեցնենք, որ «Ֆիզգորոդոկի» բնակիչները փակել են Երևանի քաղաքապետարանի հարակից փողոցը։
Բնակիչների պահանջը Երևանի քաղաքապետարանից նույնն է՝ անհապաղ կասեցնել ապօրինի շինարարությունը, տրամադրել մի տարի շարունակ պահանջվող փաստաթուղթը, վերացնել ապօրինի տեղադրված պարիսպը։ Հիշեցնենք նաև, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ է, որոնցից մեկն այսօր անցել է ջրադուլի։