Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ կապված «Դվին» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կառույցների հետ։
Նրա խոսքով՝ «Դվին» ՓԲԸ-ի տարածքում երկու ապօրինի հարկ է կառուցված:
«Տուգանվե՞լ են արդյոք ապօրինի շինարարության համար, և ի՞նչ ենք նախատեսում անել ապօրինի երկու հարկի հետ»:
Հայկ Մարությանն ի պատասխան նշեց, որ բացի նշված երկու հարկերից, ևս մեկ ապօրինի շինություն կա․
«Հենց համալիրի վրա տարօրինակ երկու հարկանի մի կառույց էլ է ավելացել։ Շենքի հետ կապված արձանագրությունն արվել է, և մեր մասնագետները կասեն, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Երկրորդը՝ հենց «Դվին» հյուրանոցի վրա կա տարօրինակ, երկհարկանի ապակեպատ կառույց, ինչը ևս ապօրինի է»։
Քաղաքապետի խոսքով՝ կա՛մ այդ ապօրինի երկհարկանի կառույցը պետք է քանդվի, կա՛մ ամբողջ համալիրն օրինականացվի, և մեծ գումարներ վճարվեն քաղաքային բյուջե։