Հուլիսի 17-ին Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կրում են դաշնակցային, ռազմավարական բնույթ:
Նա շեշտել է այն փաստը, որ երկու երկրների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ առևտրաշրջանառությունը գերազանցել է երկու միլիարդ դոլարը, բայց կորոնավիրուսի հետ կապված տեմպը կորցվել է:
Փաշինյանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճին:
«Դեռևս հայտնի չէ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին, և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է, և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը»,- ասել է ՀՀ վարչապետը:
ՌԴ կառավարության ղեկավարը, ողջունելով ՀՀ վարչապետին, անդրադարձել է երկկողմ համագործակցությանը, ապրանքաշրջանառությանը:
«Ինչ վերաբերում է մեր մշակութային, հումանիտար, պատմական կապերին, ապա մենք շարունակում ենք իրականացնել նախատեսված բոլոր միջոցառումները»,- ասել է ՌԴ վարչապետը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: