Ադրբեջանի զինված ուժերի առջև խնդիր չկար նշանառության տակ վերցնել Հայաստանի քաղաքացիական և ռազմավարական կարևոր օբյեկտները, «Интерфакс-Азербайджан»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական-Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանի զինված ուժերը չեն վերցրել Հայաստանի քաղաքացիական և ռազմավարական կարևոր օբյեկտները։ Ընդհակառակը, վերջին իրադարձությունների ժամանակ Հայաստանն է հայտարարել, որ շարունակում է նշանառության տակ պահել ռազմավարական կարևոր օբյեկտները՝ ինչպիսիք են Ադրբեջանի նավթային և գազային ենթակառուցվածքները, տրանսպորտային խողովակաշարերը։ Այդ ամենն արվում է Հայաստանի կողմից իր հանցագործությունները թաքցնելու համար», – հայտարարել է Հաջիևը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն, իբրև ի պատասխան Հայաստանից հնչած պնդումներին, որ հայկական կողմը հարվածելու է Մինգեչաուրի ջրամբարին, հուլիսի 16-ին հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող հարվածել Մինգեչաուրի ջրամբարին, քանի որ դրա տեղակայման ռելիեֆը, այդտեղ իրականացվող ամրապնդման աշխատանքներն ու Ադրբեջանի ՀՕՊ միջոցները դա թույլ չեն տա։ Միաժամանակ Դարգյահլըն սպառնալիք էր հնչեցրել, թե Ադրբեջանը կարող է ի պատասխան հարվածել Մեծամորի ատոմակայանին։
Ուշագրավ է այն փաստը, որ հայկական կողմից Մինգեչաուրի վրա հարվածի որևէ պաշտոնական հայտարարություն չէր եղել։