Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, սակայն լարվածությունը պահպանվում է, այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Որպեսզի կանխենք հետագա էսկալացիան, մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում Մինսկի խմբի շրջանակներում՝ որպես նրա համանախագահողներից մեկը, նաև ինքնուրույն ենք գործում», – ասել է նա:
Զախարովան հիշեցրել է, որ անցած շաբաթ հակամարտության գոտում իրավիճակը քննարկվել է Մինսկի խմբի նիստում, այնուհետեւ ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության բոլոր մասնակիցների ներկայությամբ, Մինսկի խմբի համանախագահները մշտական շփումներ են պահպանում կողմերի հետ, ավելի վաղ տեղի է ունեցել նրանց հեռահար հանդիպումները գործող նախագահության, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, նախատեսվում է խորհրդակցություններ ՄԱԿ-ի քարտուղարության հետ:
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ մի շարք հայտարարություններ են արվել՝ կողմերին կոչ անելով ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խստորեն հետևել հրադադարի ռեժիմին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի վարչակազմի և ԱԳՆ-ի գծով կայացել են Սերգեյ Լավրովի արտակարգ հեռախոսային շփումները հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, այս շաբաթ ռուս նախարարը Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ Մոսկվայում քննարկել է իրավիճակը, իրականացվում է փոխգործակցություն ռազմական գերատեսչությունների գծով։
«Երևանն ու Բաքուն հանդես են գալիս հրադադարի ամրապնդմանն ու կողմերի հետ քննարկվող բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններով, ակնկալում ենք, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումները վերացնելուց հետո հնարավոր կլինի առարկայական կերպով մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ համալիրը», – ասել Է Զախարովան: