ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը։
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը:
Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները՝ զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ: