Աշխարհազոր ստեղծելու առաջարկն իր մեջ շատ մեծ ռիսկ է պարունակում, և այդ հարցի քննարկումը լինելու է շատ բովանդակային և լուրջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Եթե մենք գանք այն տրամաբանությունից, որ դա կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, ապա դա մեր բանակի կարողությունների ավելացման և կառավարելության խնդիր է լուծում։ Այսօր այդ գաղափարը դրված է շրջանառության մեջ: Ես ինքս այն համարում եմ շատ կարևոր գաղափար: Աշխարհազորը պետք է դիտել որպես բանակի ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրս ունենալու է իր մասնակցության չափաբաժինը», – ասաց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ենթակայությամբ կստեղծվի աշխարհազորային ուժերի համալիր։ Աշխարհազորի ստեղծման առաջարկով փոփոխություններ են նախատեսվում պաշտպանության և մունիցիպալ մարմինների մասին մի շարք օրենքներում։ Այն նախատեսված է Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների, զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և ՏԻՄ մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցելու համար:
Նախատեսվում է աշխարհազորը կազմակերպել քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով։ Այն կլինի զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր։ Աշխարհազորի համակարգը կգործի ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:
Ներկայացնում ենք աշխարհազորի ստեղծման վերաբերյալ Armenia Today-ի իրականացրած հարցազրույցները՝
- Հայաստանում կձևավորվի աշխարհազորային ստորաբաժանումների համալիր. փորձագետի մեկնաբանությունը –https://armeniatoday.news/%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b8%d6%82%d5%aa%d5%a5%d6%80/160029/
- Աշխարհազորի ստեղծումը՝ ԶՈՒ մի շարք գործառույթների բեռնաթափում- https://armeniatoday.news/%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b8%d6%82%d5%aa%d5%a5%d6%80/160897/
- Հայաստանի աշխարհազորային համակարգը պետք է ավելի մոտ լինի իսրայելական մոդելին- https://armeniatoday.news/%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b8%d6%82%d5%aa%d5%a5%d6%80/161240/