«Հայկական ուժերն Արցախից դուրս բերելու մասին» Ադրբեջանական կողմի պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը։ Այս մասին նշել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով ռուսական «Կոմերսանտ» թերթին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, թե իբր «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։
«Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը»,-նշված է Արցախի արտգործնախարարության մեկնաբանության մեջ։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: