«Հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօր արված այն հայտարարությանը, թե Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել, տեղի ունեցածը մարզի անվտանգությունը երաշխավորելու համար էր։
«Որպես մարդ, ով երկար տարներ աշխատել է ԱԱԾ-ում ու ղեկավարել կառույցը, նշում եմ՝ դա դավաճանական հայտարարություն է, որովհետև սովետական միության ժամանակ հստակ սահմանները չեն եղել, ի վերջո եղել է մեկ պետություն, եթե հիմա գնում ենք այդ քարտեզով, այսօր կանխատեսում եմ, որ ունենալու ենք տարածքային կորուստներ, նաև Արարատի մարզում, Վայոց ձորում, Տավուշի մարզում, իսկ Սյունիքի մարզում արդեն ունենում ենք»,-նշել է Վանեցյանը։
Ըստ նրա՝ ավելին, ադրբեջանական զորքերը անմիջապես գալիս կանգնում են Սյունիքի մարզի սահմանին։ «Մենք առնվազն 3 կմ պետք է ունենանք սահմանային շերտ՝ դա օրենք է։ 3 կմ սահմանային շերտը լինելու է ՀՀ տարածքի հաշվին։ Ես չեմ ասում դա անցավ Ադրբեջանին, բայց դա դարձավ չեզոք տարածք և դրանք՝ գյուղատնտեսական նշանակության են, որոշներում մարդկանց տներն են ու ճանապարհները։ Այսինքն մենք թողնում ենք Ադրբեջանին գալ կանգնել մեր սահմանին և անզեն աչքով արդեն ինքնաձիգով կարելի է կրակ բացել Կապանի բնակիչների վրա։
Սթափվեք, մենք լրջագույն անվտանգային խնդրի առջև ենք կանգնել»,- եզրափակեց Վանեցյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ իրենց մտահոգությունն էին հայտնել մարզում սահմանների հստակեցման արդյունքում ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքապետերն արձանագրել են, որ սահմանի փոփոխության հետևանքով հակառակորդի թիրախում են հայտնվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Կապան մարզային կենտրոնը: