Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
«1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:
Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ-ից հայտնում են, որ առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ իրենց մտահոգությունն էին հայտնել մարզում սահմանների հստակեցման արդյունքում ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքապետերն արձանագրել են, որ սահմանի փոփոխության հետևանքով հակառակորդի թիրախում են հայտնվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Կապան մարզային կենտրոնը: