Շիրակի մարզի զորահավաքային ռեսուրսի 62 զինծառայողների ճակատագիրը պարզելու համար Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Բ. Ավագյանը, ով նաև նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանի խնդրանքով աջակցում է շիրակցի 62 զինծառայողների կարգավիճակների հստակեցման և գերության հաստատման դեպքում՝ հայրենիք վերադառնալու գործընթացներում:
Այս մասին հայտնում է Արթիկի համայնքապետարանը:
«Քիչ առաջ Բ. Ավագյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Հարությունյանի, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռ. Մուրադովի, ինչպես նաև Խծաբերդից գերեվարված հայ զինծառայողների ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում գեներալ Ռ. Մուրադովը հաստատեց, որ բոլոր 62 հայ զինծառայողներն էլ գտնվում են ադրբեջանական գերության մեջ, պաշտոնական Բաքուն ընդունում է այդ փաստը, իսկ գերեվարված զինծառայողները բոլորն էլ ողջ և առողջ են։ Հաջորդ փուլում կքննարկվեն մեր տղաների անվտանգ վերադարձի ժամկետները»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 11-12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: