Նպատակ ունենալով վեր հանել ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, տեղեկացնում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ այդ նախագծի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։
Ըստ նախագծի՝ Փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է պատերազմական գործողությունների ընթացքը, պատերազմին նախորդող շրջանի իրադարձությունները (այդ թվում՝ դիվանագիտական հարթությունում, սպառազինության ձեռքբերման առումներով և այլն), որոնք կարող էին հիմք ծառայել պատերազմն սկսվելու և այն պարտվելու համար, պատերազմից հետո եռակողմ ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների, տեղի ունեցող հանգամանքները, ինչպես նաև պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները։
Էդմոն Մարուքյանը նշել է, որ փաստահավաք խումբն իր գործունեության արդյունքներով Ազգային ժողովին ներկայացնում է զեկույց, որում ներկայացվում են պատերազմի ընթացքի, նախապատերազմյան և հետպատերազմյան փուլերի իրադարձություններին վերաբերող փաստերի շարադրանքը, դրանք հիմնավորող ապացույցները, դրանց վերաբերյալ փաստահավաք խմբի անդամներին տրված մեկնաբանությունները:
«Բնականաբար մենք գիտակցում ենք, որ այս զեկույցը կարող է ունենալ կարևոր իրավաքաղաքական հետևանքներ և որ դրա շուրջ աշխատանքները պետք է իրականացվեն հնարավորինս անաչառ և մանրամասն, ըստ այդմ՝ փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ», – գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: