ՀՀ Անվտանգության խորհրդից արձագանքել են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակմանը, ըստ որի՝ դեռևս սեպտեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունից ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տեղեկացվել է հնարավոր պատերազմի սկսվելու և դրա բնույթի վերաբերյալ:
«Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Հարկ է նշել, որ եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, ապա դրա բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև գաղտնի նամակ, որը թաքցվել է հայ հանրությունից»,-նշված է հաղոդագրության մեջ:
Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ ԱԽՔ-ից նշել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին: «Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով»,-նշել են գերատեսչությունից:
ԱԽՔ-ից հարկ են համարել նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: «Բացի դրանից պրն. Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։ Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:
«Հարկ է հավելել, որ ըստ կարգի ԱԽ գրասենյակը Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Շտաբային վարժանքի արդյունքներով ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրվել է միջոցառման մասին պատմող նյութ, որին կարելի է ծանոթանալ այստեղ»,- նշված է ԱԽ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նամակ` նշելով, որ դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից պատերազմից 26 օր առաջ ուղարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։
ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով։