Արցախի Ազգային անվտանգության Խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ռազմական եւ քաղաքական իշխանություններին՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի. Բալասանյանն ընդգծել է, որ իր տեղեկություններով, ռուսական կողմը պատերազմի սկզբից ամեն օր փորձել է դադարեցնել ռազմական գործողությունները:
«Շնորհակալություն եմ հայտնում Արցախում գտնվող զորախմբին։ Մենք համագործակցում ենք որպես հավասարը հավասարի հետ», – ասաց նա՝ ընդգծելով, որ համագործակցությունը պաշտոնական բնույթ է կրում։
Վիտալի Բալասանյանը տեղեկացրել է, որ ինքը ռուս խաղաղապահների հետ համագործակցության պատասխանատուն է՝ վստահություն հայտնելով, որ այդ համագործակցությունը կխորանա: «Վստահ եմ, որ մենք կկարողանանք հետագայում կյանքի կոչել մեր հարաբերությունները ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության հետ», – հայտարարել է նա:
ԱԱԽ քարտուղարը նաեւ ընդգծել է, որ Բաքվի հայտարարություններն այն մասին, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, շատ հեռու են իրականությունից:
Նա հայտարարել է, որ ներկայումս Արցախի զինված ուժերի զբաղեցրած դիրքերը «պայմանական» բնույթ են կրում։ «Կան, իհարկե, տարածքներ, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը խախտումներ են կատարել, բայց դա ժամանակավոր պայմանական է», – ասել է Բալասանյանը՝ ընդգծելով, որ հետագայում «սահմանների հստակեցում» է իրականացվելու: