ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
Կառավարությունն առաջարկում է ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարի ներկայիս միասնական համակարգից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի։ Ըստ գործող օրենսդրության՝ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ՀՀ ռեզիդենտ հանդիսացող և ՀՀ տարածքում կամ դրանից դուրս աշխատող ֆիզիկական անձինք և ՀՀ տարածքում աշխատող ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք, ՀՀ տարածքում աշխատող ՀՀ ռեզիդենտները, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով ՀՀ տարածքում կամ դրանից դուրս աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց եկամուտ ստացող ՀՀ ռեզիդենտները կամ ՀՀ ոչ ռեզիդենտները վճարում են 1000 դրամ։
Գործադիրն առաջարկում է գերավճարների չափերը փոխել՝ մուտքագրելով 1000, 2000, 3000, 6000 և 12 000 դրամ գումար՝ հարկման բազաների մեծություններին համապատասխան՝ մինչև 150 հազար դրամ, 150 – ից 300 հազար դրամ, 300-ից 500 հազար դրամ, 500 հազարից մինչև 1 մլն դրամ և 1 մլն դրամից ավելի։
Անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար գերավճարի չափը մնում է անփոփոխ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքի համաձայն՝ դրոշմանիշային վճարի հավաքագրումը պարտադիր կատարվում է պետբյուջե՝ ուղղված տվյալ վնասի հատուցման ապահովմանը։ Կառավարությունն արդյունքում ակնկալում է պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի ավելացում:
Կառավարության առաջարկը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողովի աշխատակազմ՝ խորհրդարանում քննարկման համար: