ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որը կքննարկվի վաղը հանձնաժողովի նիստում։
Այս նախագծով կանոնակարգվում է, թե ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագծով առաջարկվում է, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարեն պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար:
Նշենք, որ նախագիծը շրջանառության մեջ էր դրված դեռ սեպտեմբերի 10-ից՝ պատերազմից առաջ, սակայն քննարկվելու է այժմ: Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ այս նախագծի համահեղինակ են Մխիթար Հայրապետյանն ու Արման Բաբաջանյանը: