Հաստատվել են Շիրակի մարզի բնակիչ 62 հայ ռազմագերիների անունները։ Այս մասին «Հանրային» հ/ը-ին տված հարցազրույցում ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ ավելի վաղ հայտնի էր միայն գերիների թիվը։ «Այս փուլում ԿԽՄԿ ներկայացուցիչները կապ են հաստատել հարազատների հետ և արձանագրել, որ կապ է ստեղծվելու գերիների և նրանց հարազատների միջև»,- ասել է պատգամավորը:
Նա տեղեկացրել է, որ հունվարի 7-ին դիմել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովին (CPT)։ Պատգամավորը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի ղեկավարության հետ, ըստ որի՝ CPT-ն ամեն ջանք կգործադրի ԿԽՄԿ-ի միջոցով գերիների հետ շփումներ ապահովելու համար։
Բաղդասարյանի խոսքով՝ հակառակ դեպքում CPT-ն պատրաստակամություն է հայտնել միջամտել, մասնավորապես, քննարկվում է Ադրբեջան չնախատեսված այցի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր համայնքերի հատվածում ծառայություն իրականացնող հայ կամավորականներն ադրբեջանական սադրանքի հետևանքով բախման մեջ էին մտել, ապա համաձայնություն էր ձեռք բերվել զենքերը վայր դնել։ Սակայն ադրբեջանական կողմը գերեվարել է այդ հատվածներում ծառայություն իրականացնող 62 զինծառայողի, որոնց փորձում է որպես ահաբեկիչ ներկայացնել։