Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի առցանց նիստին։
Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու համար։ «Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունը։ Կարևոր է, որ այն մեծ հաշվով հետևողականորեն իրագործվում է, – ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը,- Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարևորն է՝ հասնել լիակատար հրադադարի և սկսել կայունացման գործընթացը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: