ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է․
«Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ,
Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում:
Մեր ժողովուրդն իր զավակին մեծացրել է զրկանքների գնով, անասելի փորձությունների ենթարկվելով հայրենանվեր զավակ է դաստիարակել:
Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը:
Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից: Մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները: