Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացումը շատ կարևոր իրադարձություն է։ Կցանկանայի վստահություն հայտնել, որ Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինծառայողները, իհարկե, Ադրբեջանի աջակցությամբ կանեն հնարավորը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար», – ասել է Ալեքսանդր Ֆոմինը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Աղդամում բացվել է ռուս-թուրքական դիտորդական կենտրոն, որի պահպանումը կիրականացնի ադրբեջանական բանակը։ Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը մոտ 4 հա է։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են 4 դիտորդական աշտարակներ: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են 3 երկրների ներկայացուցիչներ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն: