Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Կրթօջախի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, զեկուցել ուսումնական ծրագրերի, կրթական բարեփոխումների ուղղությամբ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից արված աշխատանքների, առկա նյութատեխնիկական ու կենցաղային խնդիրների մասին և հանդես եկել կրթօջախի զարգացման առաջարկություններով ու նոր ծրագրերով։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանգամանալից անդրադարձել է առաջարկված ծրագրերին։ Նախարարն առաջարկել է հղկել դրանք, լրամշակել ու կարճ ժամանակահատվածում ներկայացնել քննարկման»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՊՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթի ուղեկցությամբ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները և ակնկալվող զարգացումները:
Դեսպան Լաքոտն իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանց դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար: Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ: