Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակում՝ մեկ գերի տեղափոխվել է Բաքու, իսկ հինգը` վերադարձել է Երևան:
«Այսօր տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը: Ռուս խաղաղապահների կատարած աշխատանքի արդյունքում իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուսական ինքնաթիռը Բաքու է հասցրել մեկ գերու և հինգ գերիների վերադարձրել է Երևան», – Մուրադովի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Նա ավելացրել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անխափան իրականացմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 5 գերիներ: