ՀՀ կառավարությունը նոր որոշում է ընդունել, որի ընդունման նպատակը պայմանավորված է Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները մեղմելու, պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելու գործընթացի հետ։
Մասնավորապես, ավելի վաղ սահմանվել էին շահառուների խմբեր, որոնք կարող էին ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ` պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման շրջանակներում: Ներկայումս շահառուների խմբերում ներառված են զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զոհված (մահացած) որդու ծնողները, որոնց նկատմամբ, սակայն, գործում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, անզավակ լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու պայմանները:
Մինչդեռ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածներից ոչ բոլորն են հանդիսացել զինծառայող կամ պահեստազորային, իսկ նրանց ծնողները հիմնականում ունեն այլ զավակ (ներ) կամ նրանց մոր տարիքը գերազանցում է 42-ը, ինչը սահմանափակում է մեկ և ավելի զավակ ունեցող, 42 տարեկանից մեծ և զինծառայող չհանդիսացող զոհված անձանց ծնողների` պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը, նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ, որի համար վերացվել են վերոնշյալ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները։
Այդպիսով հնարավորություն կտրվի Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնելոգիաներով մատուցվող ծառայություններից: