ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հավանություն չտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնող ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասում է, որ առաջարկում են առկա կարգավորումը վերաշարադրել նոր խմբագրությամբ։ Ըստ այդմ՝ զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին առաջարկվում է փոխհատուցում տալ՝ չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:
«Առկա կարգավորումը նախատեսում էր, որ չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար: ՍԴ-ն 2018թ-ին այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել»,- նշեց պատգամավորը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ մարդը կարող է ամեն տարի իր հասանելիք արձակուրդից չօգտվել, ինչի արդյունքում պետության վրա մեծ բեռ կարող է կուտակվել։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը կարևորեց նախաձեռնությունը՝ որպես մարդու իրավունքները վերականգնող, բարելավող քայլ: Սակայն, շեշտեց, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ և այս հարցին ևս պարտադիր կերպով անդրադարձ է կատարվելու համապարփակ փոփոխությունների շրջանակներում։