Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության առիթ չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրա խոսքով՝ տարածված տեսանյութի վերաբերյալ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
«Անվտանգային իմաստով որևէ խնդիր չկա, այս պահին Գլխավոր շտաբը և Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, նրանց պայմանները բարելավելու ուղղությամբ», – նշեց փոխնախարարը։
Արման Սարգսյանը հերքեց նաև տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող հենակետերից մեկը։ Նա ընդգծեց, որ որևէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինելու։
«Երրորդ փաստաթղթի մասին որևէ խոսք գոյություն ունենալ չի կարող։ Եթե լիներ, հանրությունը դրա մասին տեղյակ կլիներ։ Բանակին առնչվող խնդիրներ, իհարկե, կան։ Այդ խնդիրների լուծման ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են տարվում»,- ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ զինծառայողնեը ներկայացնում են Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակը։