Կոմանդոսի մահը մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի ու հարազատների, այլև հայ ժողովրդի համար: Այս մասին Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Կարծում եմ՝ Կոմանդոսի հոգին միշտ վառ է լինելու և միշտ ջերմացնելու է մեր մատաղ սերնդին։ Նա Շուշիի ազատագրման խորհուրդն է հանդիսանում։ Նա ինձ հարազատ անձնավորություններից մեկն է։ Քանի կա սերունդը, մեր կռվող մարտական ընկերները, մեր բանակը, նրա հիշատակը միշտ վառ է մնալու»,- նշեց նախկին նախարարը։
Խոսելով Շուշիի օպերացիայի մասին՝ Ս. Օնանյանը նշեց, որ Շուշիի ազատագրման օպերացիան այն ժամանակ իրականացվել է ռազմական արվեստի պահանջներին համաձայն:
«Սկսած կազմակերպման հարցերից, տեղանքի ուսումնասիրում, հետախուզություն, ղեկավարում, փոխգործակցության կազմակերպում, համակողմանի ապահովման միջոցառումներ։ Սա է հանդիսացել այն գրավականը, որ հաղթանակ է բերել։ Իհարկե, հաղթանակի մյուս գրավականը մեր հրամանատարների և նրանց զինվորների, ենթակաների անձնուրացությունն է։ Այն ժամանակ մեր հրամանատարներն ու զինվորները կարողացան մագլցել այդ ժայռերն ի վեր և ազատագրել Շուշի քաղաքը։ Հիմա ափսոսանք ենք մենք ապրում, շատ թերություններ են եղել: Շուշիի անկման շատ մութ կողմեր կան, որոնք դեռ կպարզվեն»-ասաց Սեյրան Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: