Նախքան պատերազմը Պաշտպանության նախարարությունում արդեն իսկ ձևավորվել և համալրվել էին զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության ոլորտները։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը:
Նրա տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ուղարկվել զոհվածների 3039 գործ։
ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ իրենց տվյալներով՝ 2500 գործով արդեն կա որոշում, որ հիմնադրամից փոխհատուցում տրվի։
Բացի այդ, Ալեքսանդր Ավետիսյանը նաև հայտնեց, որ կառավարության որոշմամբ կիրականացվի պիլոտային ծրագիր։ Ըստ այդ ծրագրի՝ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին, որոնք դեռևս չունեն կարգավիճակ, կվճարվի 300 հազար դրամ:
Ավետիսյանի խոսքով՝ անհետ կորածներ համարվողների մասով 556 գործ է գտնվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում, որոնք ևս փոխհատուցում կստանան։
Խոսելով հաշմանդամների գործերի մասին՝ Ավետիսյանը մանրամասնեց, որ շահառու դառնալու նպատակով 1-ին և 2-րդ կարգի 301 զինհաշմանդամի գործ է ուղարկված հիմնադրամ։
ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետը նշեց, որ պատերազմի ընթացքում վիրավորում և ստացիոնար բուժում ստացած 9000-ի ավել անձի, անկախ հաշմանդամության կարգ ունենալու հանգամանքից, վճարվել է միանվագ 500 հազար դրամ։ Ըստ ՊՆ ներկայացացուցչի՝ այս հարցում, սակայն, որոշակի խնդիրներ են առաջացել։
«Հաշվի առնելով պատերազմական իրավիճակում դաշտային հոսպիտալների աշխատանքային պայմանները, որոշ անձինք, ցավոք, դուրս են մնացել։ Հիմա, որպեսզի այդ խնդիրը լուծվի, կա պայմանավորվածություն․ քաղաքացիները ներկայացնում են իրենց էպիկրիզները, դա ուղարկվում է ռազմաբժշկական վարչություն»,- նշեց նա։
Ալեքսանդր Ավետիսյանը նաև ընդգծեց, որ հանձնարարականներ կան՝ կանոնակարգելու ՄՈԲ-ի վճարումները։
Մանրամասները՝ տեսանյութում․