Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազգային ժողովում այսօր քննարկում են Զինծառայությունից խուսափածների համաներման օրինագիծը։ Հիշեցնենք, որ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագծով նախատեսվող փոփոխությամբ զինծառայությունից փուսափածների համաներման հնարավոր շահառուների շրջանակն ընդլայնվելու է:
Հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս նախագծով հայրենիքից հեռացած երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում վերադառնալ հայրենիք ու ներդրում ունենալ երկրի տարբեր ոլորտների զարգացման համար։
«Համաներումը հետպատերազյան մեր կարիքների համար շատ կարևոր է։ Մենք կավարտենք այս փուլը և դրանից հետո կանցնենք այն փուլին, որով իրական խոչընդոտներ կստեղծենք արու զավակներին Հայաստանից հանելու ծնողների ցանկությունների համար»,-ասաց նա՝ կոչ անելով բոլորին կողմ քվեարկել նախագծին։
«Վերջին շրջանում պատերազմ անցած մեր զինվորների ծնողները միավորվել են ու առաջարկներ են ներկայացնում իրենց երեխաների հետ կապված հետագա ծառայության ընթացքի վերաբերյալ։ Երեկ էլ ինձ մոտ էին ծնողները։ Նրանք ողջունել են համաներման նախագիծը՝ նշելով, որ այն մեր երկրի կարողությունները կավելացնի։ Միևնույն ժամանակ ասում են՝ կարելի է պատերազմ անցած մեր զինվորներին ինչ-որ ձևով խրախուսելու մեխանիզմ գտնել։ Այդ գաղափարը ինձ համար ընդունելի է»,-ասաց նա՝ նշելով, որ հանձնաժողովում կմտածեն 44-օրյա պատերազմի մասնակիցներին խրախուսելու մեխանիզմներ գտնելու համար։
Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա՝ մայիսի 4-ի դրությամբ 5433 անձ է հետախուզման մեջ գտնվում։