ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու մարզի համայնքները միավորող ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն: Այս մասին հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Անվտանգության գոտին բացարձակ անհրաժեշտություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը երաշխավորելու նպատակով», – նշել է Թաթոյանը։
Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ լարված իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տարածքում։ ՊՆ-ից հայտնել են, որ հայ զինվորականների և ադրբեջանցիների միջև բանակցություններ են ընթանում իրավիճակը հարթելու համար։
Ավելի ուշ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ անընդունելի է Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանների անձեռնմխելիության խախտումը։