Սյունիքում՝ Ներքին Խնձորեսկում, այսօր վերսկվել են բանակցություններն ադրբեջանցի զինվորականների հետ:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ նշելով, որ իր ունեցած տեղեկություններով բանակցություններին մասնակցում է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր, ժամը 14։00-ին:
Հիշեցնենք նաև, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հավելենք, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: Հավելենք, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: