Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
ՊՆ-ից հայտնում են, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է, կրակոցներ չկան։
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։