«44-օրյա պատերազմի արդյունքները որևէ կերպ չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք ՀՀ շահերի դեմ որևէ զիջման գնալ, անկախ նրանից՝ թույլ ենք տնտեսական կամ այլ առումներով։ Մեր գլխավոր նպատակը ՀՀ շահերը պաշտպանելն է բոլոր հնարավոր եղանակներով»,-այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով պնդումներին, որ հայկական կողմը պարտվող կողմ է, և զիջումների է գնալու ՀՀ սահմանազատման գործընթացում։
Հովհաննիսյանը «պարբերական բարբաջանք» համարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, եթե հայկական կողմը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս։
«Այս պահին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում, և Ադրբեջանն իր ասելիքները պետք է ասի այդ բանակցությունների շրջանակում։ Մենք հստակ ասել ենք, որ որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել, որևէ գործընթաց չի կարող մեկնարկել, քանի դեռ Ադրբեջանի ԶՈՒ-երը դուրս չեն եկել ՀՀ տարածքից»,-նշեց Հովհաննիսյանը։
Պատգամավորը պնդեց նաև, որ ՀՀ-ն պատրաստ է ցանկացած եղանակով պաշտպանել իր սուվերեն տարածքը։
«Փաստը, որ մի քանի օր ադրբեջանական ԶՈՒ-երը գտնվում են ՀՀ տարածքում, չի նշանակում, որ մենք թույլ ենք, չի նշանակում, որ մենք ճնշված ենք, այլ նշանակում է, որ մենք դեռևս փորձում ենք բանակցային գործընթացի միջոցով դուրս բերել Ադրբեջանին մեր տարածքից»,-եզրափակեց իշխանական պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում.